ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՈՒզում ենք մտածելով երկիր կառավարել, բայց դրա համար ուրիշ մարդիկ են պետք

ՈՒզում ենք մտածելով երկիր կառավարել, բայց դրա համար ուրիշ մարդիկ են պետք
22.05.2025 | 17:03

Աշխարհաքաղաքական դաշտում ուժեղների հարևանությամբ գտնվող թույլերին թվում է, որ ուժեղ լինել նշանակում է առանց հապաղելու թուրը հանել ու հակառակորդի հարցերը տեղում լուծել։

Այնինչ, ուժեղ լինելը առաջին հերթին նշանակում է մտածել կարողանալ, այսինքն, գնահատել իրավիճակն ու սեփական հնարավորությունները, դնել համապատասխան նպատակներ ու մշակել դրանց իրագործման հետ կապված կոնկրետ և իրագործելի խնդիրներ, տալ դրանց լուծման ճանապարհները, կադրեր պատրաստել այդ ամենը իրականություն դարձնելու համար և այլն։

Պետք է հասկանալ, որ նորմալ հասարակության պայմաններում հայրենասիրության իմաստն ու դրա մեկնաբանումը չեն հանգում բոլորի զինվոր դառնալուն։

Կարելի է Հայրենիքի ամենաակտիվ զինվոր լինել առավոտից երեկո վերը դրված խնդիրները լուծելով, երկրի կյանքի ընթացքը ռացիոնալ ձևով կազմակերպելով և այլն։

Բացի դրանից, պարտադիր չէ, որ բոլորը քաղաքագետներ ու վերլուծաբաններ դառնան և իրենց միամիտ ու գավառական կարծիքները փաթաթեն սրա-նրա վզին, մանավանդ, որ դրա համար նախ և առաջ պահանջվում է կարողանալ առանց կոպիտ տառասխալների որևէ միտք արտահայտել, այն էլ՝ առանց օրիգինալություն խաղալու ու, հետո էլ, այդ միտքը, եթե այն իսկապես միտք է, ոչ թե մտքի իմիտացիա, օգտակար լինի ընդհանուր գործի համար։

Թե չէ, առանց մտածել կարողանալու երկիր կառավարելու համն արդեն բազմիցս առել ենք ու շնորհակալ ենք, հիմա էլ ուզում ենք մտածելով երկիր կառավարել, բայց դրա համար ուրիշ մարդիկ են պետք, որոնց համար ուտելը միայն միջոց է գործելու համար, ոչ թե գործելը միջոց է միմիայն ուտելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ